Լույս է տեսել սփյուռքահայ գրող ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶԻ «Մոռացված էջերի» առաջին հատորը: Նախատեսված չորս հատորներում ներկայացվելու են գրողի` տարբեր տարիներին մամուլում տպագրված պատմվածքները, հոդվածները, մանրապատումները և այլն: Գրողի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ գրքի առաջին հատորը վերջերս ներկայացվել է Նյու Յորքում: Հայրենիքում գիրքը համապատասխան ընդունելության չի արժանացել: «Մոռացված էջերն» ավելի են նպաստում, որ Արամ Հայկազը մոռացվի»,- ասում է գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:
-Ենթադրվում էր, որ Արամ Հայկազի չորսհատորյակը տպագրվելու է սփյուռքի նախարարության աջակցությամբ, բայց, որքան գիտեմ, գիրքը չի արժանացել գրականության ինստիտուտի հավանությանը, առաջին հատորն արդեն լույս է տեսել այլ միջոցներով:
-Գիրքն ուրիշ միջոցներով չի տպագրվել, այլ հենց սփյուռքի նախարարության աջակցությամբ, պարզապես դա համատեղ ծրագիր էր, իսկ գրականության ինստիտուտում, ծանոթանալով առաջին հատորի բնույթին ու բովանդակությանը, համարեցին, որ այդ տեսքով սխալ ու հակագիտական է տպագրել այն: Այսինքն` ինստիտուտը հրաժարվել է այդ հրատարակության պատասխանատուն լինելուց: Ընդհանրապես, այն ձեռնարկները, որոնք միտված են ներկայացնելու սփյուռքահայ գրականությունը, ու հատկապես այն գրողներին, ովքեր խորհրդային գաղափարախոսության և այլ արգելակների պատճառով ժամանակին չեն ներկայացվել հայաստանյան ընթերցողին, իհարկե, ողջունելի են, բայց պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. «Մոռացված էջեր» ասվածը տեքստաբանական իրացման խնդիր է, և գրականագիտությունն այդ հարցերին անդրադառնում է այն ժամանակ, երբ գրողն իր հիմնական արժեհամակարգով ընթերցողին ներկայացված է: Արամ Հայկազը դեռ ծանոթ չէ մեր ընթերցողին և, ըստ էության, մեզ համար Արամ Հայկազի բոլոր էջերն են մոռացված ու անծանոթ: Լավ կլիներ, որ այդ գրողն առաջին հերթին ներկայացվեր ընտիր հատորով, հետո միայն կարելի էր զբաղվել նրա մոռացված էջերով, եթե դրա հարկը լիներ: Չգիտեմ` գրականագետին, ընթերցողին ի՞նչ են տալու այդ` մամուլից հավաքված, միջինից մի քիչ բարձր կամ ցածր մակարդակի նյութերը, մանավանդ որ գիրքը կազմված է անչափ փնթի, ժամանակագրական սկզբունքի կիրառմամբ, որն այդ դեպքում որոշ կամայականությունների առիթ է տալիս: Ժանրային օրինաչափությունների բացառումը գրքում ստեղծել է քաոս, և չկա կողմնորոշիչ ոչ մի բան: Տեքստաբանական կանոններ կան, որոնց մասին մարդիկ լսել, իբր ըմբռնել են, բայց լավ չեն մարսել: Մեր ակադեմիական հատորներում, ասենք, Թումանյանի, Բակունցի, մյուսների, ընդունված է նյութերը դասավորել ժամանակագրական կարգով, բայց նախ և առաջ նկատի է առնվել ժանրային գործոնը: Այսինքն` պետք է ճշտել ժանրային համակարգը, ապա միայն անցնել ժամանակագրական կարգին: Հակառակ դեպքում` ինչի՞ նման կլիներ, ասենք, եթե Թումանյանի 1-ին հատորում իրար հետևից դրվեին մի բանաստեղծություն, այնուհետև հոդված, ապա էլի բանաստեղծություն, հետո որևէ պոեմի սևագիր տարբերակ, ապա էլի հոդված, ինչ է թե դրանք ժամանակագրական առումով հաջորդում են միմյանց: Բազմաթիվ հասկացություններ կան տեքստաբանության մեջ, որ բացարձակապես անտեսված են Արամ Հայկազի գրքում: Այստեղ, ասենք, կարդում ես «Արքա Լիր» վերնագիրն ու գաղափար չունես` ի՞նչ է, կարդում ես առաջին տողերն ու հասկանում, որ լրատվություն է թատերական ներկայացման մասին: Կողքին հանդիպում է պատմվածք, կամ բացարձակ արժեք չներկայացնող որևէ լրատվություն, թե` ո՞վ, ո՞ւր ժամանեց: Սա հակագիտական մոտեցում է:
-Որքա՞ն է արդարացի չորս հատոր նվիրել միայն Արամ Հայկազին, երբ սփյուռքահայ շատ գրողներ, առհասարակ, գիրք չունեն:
-Դա ավելի շատ կազմողի` Մարգարիտ Խաչատրյանի նախաձեռնությունն է, որն իր հղացման մեջ շատ շնորհակալ, միևնույն ժամանակ պատասխանատու գործ է: Մարգարիտ Խաչատրյանը ուներ արդեն նախափորձ, նա հավաքել և տպագրել էր Համաստեղի մոռացված էջերը, դարձյալ շնորհակալ գործ` ֆորմալ առումով, որովհետև իր բովանդակության մեջ այն նույնպես շատ փնթի կողմեր ուներ, որ կուզեի չտեսնել: Ինչ որ է, Համաստեղի պարագան այնքան էլ վտանգավոր չէր այն պատճառով, որ թեկուզ մեկ հատոր Հայաստանում տպագրվել է 1989-ին, և Համաստեղ երևույթին` բարձր արժեքայնության տեսանկյունից, մեր ընթերցողը ծանոթ է:
-Ըստ Ձեզ` առաջնայի՞ն գրող է Արամ Հայկազը, կամ ո՞րն է գրականության մեջ առաջնայնության չափորոշիչը:
-Առաջնային գրող է Հրանտ Մաթևոսյանը, որ ազգային գիտակցություն է պայմանավորում, ճանապարհ է ցույց տալիս, ճանապարհ է քննում: Այդ առումով եթե զուգադրեմ, շատ առումներով է զիջում Արամ Հայկազը: Խնդիրները, որ իրենց առաջ դրել են ու իրագործել այդ գրողները, տարբեր են: Արամ Հայկազին իմ` գրականագետի գիտակցությունով, ընկալում և դիտարկում եմ որպես տաղանդավոր մարդու, տաղանդավոր գրողի` սփյուռքի տագնապները, կարոտները ապրածի ու արտացոլողի:
-Այսինքն` տարբե՞ր կերպ են ընկալվում մեր գրողները սփյուռքում և հայրենիքում:
-Վերջին ժամանակներս շատ կոչեր են հնչում այդ առումով: Հայաստանյան և սփյուռքի գրականությունը միասնական դաշտի մեջ դիտարկելը լավ նպատակ է, բայց մեթոդաբանորեն, իմ կարծիքով, հնարավոր չէ դա իրագործել, որովհետև սփյուռքը և Հայաստանը տարբեր իրողություններ են, ուզենք թե չուզենք: Սփյուռքում արժեք ասվածը պայմանավորված է այլ գործոններով, Հայաստանում` այլ: Արամ Հայկազի գրականությունն անմիջական արձագանքն է սփյուռքում ապրող մարդու հոգեբանության, կարոտների, սպասելիքների և այլն: Խնդրադրություններ կան, որ սփյուռքում շոշափվում են, տագնապներ հարուցում, սակայն Հայաստանում դրանք այդքան զգացական մակարդակով չեն ընկալվում և այդքան ողբերգական շեշտադրումներ չունեն: Չեմ բացառում, որ սփյուռքում մեծ ընդունելություն գտած գործը մեզ մոտ հաջողության չարժանանա: Հոգեհատակի խնդիր կա, մանավանդ այս դժվար ժամանակներում, երբ պրոբլեմներն ամենուր են, դժվար է հուզել հայաստանյան ընթերցողին այն խնդիրներով, որ ինքը չունի, և շատ ուրախ է, որ չունի:
90-ականներից, երբ սփյուռքի, այսպես ասած, դռները բացվեցին, այնտեղի հայ գրողներին սկսեցին ազատ ներկայացնել Հայաստանում: Եվ այդ ժամանակներից մի վատ միտում նկատվեց. մերոնք այնքան ոգևորվեցին, որ կարծում էին` սփյուռքում ստեղծվող ամեն ինչը մեծ արժեք է: Սակայն, ըստ էության, այսօր սփյուռքում, չնչին բացառությունները չհաշված, չի ստեղծվում բարձր մակարդակի գրականություն: Իրենց պատասխանը համոզիչ չէ, բայց հիմնավորումներ ունի, ասում են` հայապահպանման խնդիրը լուծում ենք, լեզուն պահում ենք, այդ լեզվով գրականություն ենք ստեղծում, լավն ու վատը ի՞նչ էական են: Այսինքն` զգացական մակարդակի վրա դիտարկվող խնդիր է սա, որը զուտ գրականության դաշտում չես կարող հիմնավորել: Եթե մանավանդ միասնական գրական դաշտը դիտարկելու խնդիր ենք հետապնդում, պիտի վերանանք մեզ կաշկանդող այդ կապերից և գրականությունը քննենք որպես գրականություն ու դիտենք այն այնպես, ինչպես կա:
-Ի՞նչ քայլեր են արվում սփյուռքահայ գրականությունը Հայաստանում ներկայացնելու առումով:
-Շատ քայլեր են արվել, բայց բացերն այնքան շատ են, որ դեռ ահռելի գործ կա անելու: Վազգեն Շուշանյանի գրքերը տպագրվեցին, ընդ որում` նախկինում անտիպ, և դրանց կազմող Նաիրա Հարությունյանն իսկապես լուրջ գիտական աշխատանք էր կատարել: Ես և սփյուռքահայ գրականության բաժնի վարիչ Հրաչյա Սարիբեկյանը ծրագիր ենք ներկայացրել գրականության ինստիտուտի տնօրենությանը` տպագրելու սփյուռքի այն հեղինակներին, ովքեր Հայաստանում երբևիցե չեն տպագրվել կամ վատ են ներկայացված:
-Իսկ եթե ներկայացման Ձեր կերպը նույնպես հակառակ արձագանքներ առաջացնի՞: Ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվելու:
-Պահպանվելու է գիտական պատշաճ մակարդակը, որը ենթադրում է տեքստի բացառիկ մաքրություն, անհրաժեշտ ծանոթագրություններ: Ընդ որում, առաջարկել ենք, որ գրքերը տպագրվեն գրողի նախընտրած ուղղագրությամբ, որպեսզի նախ` օգտակար լինեն և՛ սփյուռքին, և՛ Հայաստանին, միևնույն ժամանակ, հարգվի բնագրագիտության ամենակարևոր օրենքը` գրողին հրատարակել իր կիրառած ուղղագրությամբ:
-Սփյուռքում հայապահպանման գործում մեծ է Արամ Հայկազի և այդօրինակ մտավորականների դերը: ՈՒնե՞նք այսօր նման գրողներ:
-Արևելյան գաղթօջախներում և Ամերիկայում ստեղծվող գրականության մեջ կա պաթետիկ ոգևորվածություն` իմ սուրբ երկիր և նման այլ կաղապարներով: Դա սփյուռքի մարդու հոգեբանությունից բխող երևույթ է: Բայց մի հետաքրքիր օրինաչափություն կա. այն գրականությունը, որ հավատարիմ է մնացել ընկալման այդ կերպին, բարձր արժեքներ չի ստեղծել: Իսկ այնպիսի ինքնատիպ գաղթօջախում, ինչպիսին, օրինակ, ֆրանսիականն է, գրականությունը հայրենիքի այդպիսի ընկալման հետ գոնե արտաքին մակարդակում ընդհանրապես կապ չունի, գրողներ կան, որ ուրիշ խնդիրներ են բարձրացնում, ավելի ինտելեկտուալ, իմացական մակարդակի, քան պաթետիկ ճառերն են: Եվ ստեղծվում են արժեքներ: Վկայությունը Գրիգոր Պլտյանի, Վահե Օշականի ընտիր գրականությունն է:
Քիչ գրողներ կան, որ ստեղծում են իրենց գրականությունը: Սփյուռքահայերի համար այս թեմաներին, այսպես ասած, «կպնելը» սրբապղծության պես բան է: Հայրենասիրության, ազգապահպանության խնդիր արտացոլելը նորություն չէ սփյուռքում, բոլոր ստեղծագործող մարդիկ արծարծում են այդ գաղափարները: Դրանով չի կարելի պայմանավորել գրողիս առաջնայնությունը: Գրողի համար չկա ավելի մեծ ողբերգություն, լինի կենդանության օրոք, թե հետմահու, քան իրական արժեքի ուռճացումն է: Բարձր մակարդակ ունեցող ընթերցողի հետ շփման դեպքում արտաքին պաճուճանքները վայր են թափվում, մնում է գրողն այնպիսին, ինչպիսին կա: Այս առումով, եթե վերադառնանք Արամ Հայկազին, գուցե պարզ, նորմալ, ճիշտ ներկայացման դեպքում նա ավելի մեծ արժեք ունենար: Ամեն դեպքում` Արամ Հայկազին ճիշտ տպագրելը կլուծի մի մեծ բաց էլ. Հայաստանում ստեղծվում են գրականության պատմություններ, դասագրքեր, հիրավի անտեսված գրողին կարող ենք ներառել այդ ընդհանուր գրաբանական դաշտի մեջ, որ նրա ամբողջ ստեղծագործությունը չվերածվի մոռացված էջի:
-Ի դեպ, նրա կյանքն ինքնին հետաքրքիր պատմություն է:
-Ես այդպիսի գրող չգիտեմ սփյուռքում, որ հետաքրքիր կյանք ապրած չլինի: Բայց գեղագիտությունն ավելի կարևոր է, քան պարզունակ գաղափարախոսությունը: ՈՒստի անհարկի ուռճացումներ պետք չեն: Ինձ համար հաճելի ու նաև տարօրինակ է լրատվամիջոցների այս հետաքրքրվածությունն Արամ Հայկազի գրքով: Զգացվում է, որ արհեստական է, այսպես կոչված, PR-ի արդյունք: Անհամեմատ բարձրարժեք գրքեր են լույս ընծայվում, բայց ոչ մի լրատվամիջոց դրանց չի անդրադառնում: Գրիգոր Պլտյանի «Մանտրաներ» գիրքն է վերջերս լույս տեսել: Կամ` Սևան Տեյրմենճյանի աշխատասիրությամբ Զավեն Պիպեռյանի «Մրջյուններու լուսաբացը» վեպը, որը գեղարվեստական-գաղափարական շատ բարձր իրացում է:
-Հայաստանյան ընթերցողը նորից անմա՞սն է մնալու Արամ Հայկազից:
-Այս տեսքով` այո, սա Արամ Հայկազ չէ: Դեռևս 60-ականներին Պարույր Սևակը հարց էր բարձրացնում, որ մեր դասականներին (նույնիսկ) պետք է ներկայացնենք հատընտիրներով, որ այդ արժեքներն ամրագրվեն և ինչ-որ չնչին բաների պատճառով ժողովուրդը չհիասթափվի իր մեծություններից: Եվ ասում էր` գիտական հրատարակությունները գիտնականների համար են: Աշխարհում ընդունված կարգ է սա. նման հրատարակություններն անել սահմանափակ տպաքանակով` գիտնականների և տվյալ գրողով հետաքրքրվողների համար:
-Երևի այդ նպատակով էլ կազմվե՞լ է գիրքը:
-Չեմ կարծում, գիրքը հրատարակվել է 500 տպաքանակով, Հայաստանի համար դա առավելագույն տպաքանակ է, և որքան տեղեկացված եմ, տարվել է նաև ԱՄՆ: Սփյուռքի որոշ շրջանակներում գուցե այդ գիրքն ընկալվի որպես մոռացված էջեր, շռնդալից ու ծափաշատ ընդունելության արժանանա, բայց վստահ եմ` ինչպես Համաստեղի պարագայում եղավ, ամենամեծ քննադատությունը կսպասենք սփյուռքից:
-Բայց Մարգարիտ Խաչատրյանը վստահեցնում էր, որ սփյուռքում մեծ ընդունելություն է գտել Համաստեղի «Մոռացված էջերը», ինչը և սպասվում է Արամ Հայկազի դեպքում:
-Դա սուբյեկտիվ կարծիք է: Կլինեն մարդիկ, որ շնորհանդեսներ կանեն, կոգևորվեն առանց կարդալու, գրքի փաստը կգնահատեն: Բայց կա մի շրջանակ, որ իրական գնահատականը կտա:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ